Լարի Քինգը հեռանում է Larry King Live հեռուստաշոուից
CNN հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Լարի Քինգը հայտարարել է, որ աշնանը հեռանում է իր հանրահայտ Larry King Live երեկոյան հեռուստաշոուից, որի հաղորդավարն է եղել վերջին 25 տարիների ընթացքում։ Հաղորդման առաջին թողարկմանը նրա հյուրն է եղել Նյու Յորք նահանգապետը, այդ օրվանից Larry King Live տաղավարում նա հյուրընկալել է տարբեր երկրների նախագահների, քաղաքական գործիչների, դերասանների և այլ հայտնի մարդկանց։
Քինգն արդեն 76 տարեկան է, և նրա հաղորդումն ընդգրկված է Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես նույն հաղորդավարով ամենաերկար կյանք ունեցող հաղորդում, որը միշտ եթեր է դուրս եկել նույն ժամին և նույն հեռուստաալիքով։
Այնուամենայնիվ, Քինգը չի հեռանում CNN–ից, աշխարհահռչակ հաղորդավարը դեռ մտադիր է ազգային և միջազգային խոշոր թեմաներով մի քանի հատուկ ծրագրեր վարել։ Այս մասին հայտնում է CNN–ը։










