Կոչումները դեգրադացնում են արվեստագետներին

14:48 • 30.06.10

«Կոչումը սխալ բան է, որը դեգրադացնում է մարդկանց», – այսօրվա ասուլիսին ասաց դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ անդրադառնալով արվեստագետներին և մշակույթի գործիչներին շնորհվող պետական կոչումներին։

Դերասանահին կարծում է, որ կոչումների շնորհումը կոռուպցիայի բուն է, և հազվադեպ են լինում մարդիկ, ովքեր իսկապես արժանի են այդ կոչումներին։

«Դա մշտական քննություն է, գնահատականը տալիս են կատարած գործին։ Իսկ մեզ մոտ ո՞ւմ են տալիս վաստակավոր արտիստի կոչում։ Ասում են՝ դե երկար տարիներ աշխատել է… Սակայն այդ մարդիկ ոչինչ չեն արել», – ասաց նա։

Իր հերթին, նախագահի կողմից վերջերս շնորհված կոչումները թատերագետ Լևոն Մութաֆյանն անվանեց «խայտառակ կոչումներ»։

«Կոչումներ ստացան մարդիկ, ովքեր կապ չունեն թատրոնի հետ։ Ես շատ բարձր եմ գնահատում Ռուսական թատրոնի գործունեությունը, բայց դերասանուհի Սարոյանին ոչինչ անելու համար տալ պատվավոր արտիստուհու կոչում… սա նաև նախագահի վերաբերմունքն է», – ասաց նա։

Այն հարցին, թե ո՞վ է ներկայացրել այդ մարդկանց նախագահական մրցանակների, Մութաֆյանն ասաց, որ անունները կներկայացնի այն ժամանակ, երբ կունենա հիմնավորում։