Այսօր Բիկինիի օրն է

11:51 • 05.07.10

Ամեն տարի հուլիսի 5–ին աշխարհում ոչ պաշտոնապես նշվում է Բիկինիի օրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Պատմաբանները վստահ են, որ բիկինի տիպի լողազգեստներ գոյություն են ունեցել դեռ Հռոմեական կայսրության շրջանում։ Օրինակ, Սիցիլիայում հայտնաբերված III-IV դդ. Villa Romana del Casale հայտնի մոզաիկայի վրա պատկերված են բիկինի հագած մարմնամարզուհիներ։ Սակայն բիկինիի ժամանակակից պատմությունն սկսվում է 1946թ. հուլիսի 5–ից, երբ ֆրանսիացի դիզայներ Լուի Ռեարը համոզեց իր պարուհի ընկերուհուն հանրությանը երկու մասից բաղկացած լողազգեստ ցուցադրել։

Իր հայտնագործությանը դիզայները տվել է խաղաղօվկիանոսյան Բիկինի օղակաձև կղզու անվանումը, որի վրա ԱՄՆ–ն ատոմային ռումբ է փորձարկել, ինչով Ռեարը ցանկացել է ընդգծել այդ նորամուծության «պայթուցիկ» էֆեկտը։

Նշենք, որ տասնյակ տարիներ են հարկավոր եղել, մինչև մարդիկ սովորել են չցնցվել բիկինի հագած կնոջ տեսքից։ Այսօր այն դարձել է լողափային նորաձևության անբաժանելի մաս։