Վարդան Պետրոսյանը երազում է Հիլարի Քլինթոնի պես կին ունենալու մասին
«Բոլորովին պատահական չէ, որ իմ Երևան գալը համընկավ Հիլարի Քլինթոնի այցի հետ։ Դա էլ ճակատագրի մի ուրիշ կատակ էր», – այսօրվա ասուլիսին ասաց դերասան Վարդան Պետրոսյանը։
Դերասանը նշեց, որ այս անգամ Քլինթոնն արտակարգ սանրվածք ուներ։ Պետրոսյանն անդրադարձավ նաև Քլինթոնի գեղեցիկ սև կոստյումին։ «Սովորաբար Ամերիկայում մենք նրան տեսնում ենք վարդագույն և երկնագույն գույների մեջ։ Այս անգամ էլեգանտ տպավորություն էր թողնում», – ասաց նա։
Դերասանը կարծում է, որ այս հարցում լուրջ աշխատանք են տարել ֆրանսիացի ոճաբանները։ «Անմիջապես երևում է Ֆրանսիայի ազդեցությունը, շատ գոհ եմ, շատ գեղեցիկ էր, ափսոսում եմ, որ կարճ մնաց Երևանում, ես արդեն մտածում էին, ոնց առիթ բռնեմ՝ ծանոթանամ», – նշեց նա։
Պետրոսյանը նաև հավելեց, որ միշտ երազել է ունենալ այդպիսի գեղեցիկ կին, որ «գնա աշխարհով մեկ, տիրի աշխարհին, փողը բերի՝ լցնի տուն, ես էլ ծախսեմ»։
Պետրոսյանն ինքն իրեն հուսադրում է՝ դեռ երիտասարդ է, ամեն ինչ առջևում է և «քաղաքական կանայք» արդեն ուշադրություն են դարձնում իր վրա։










