Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին. Էդվարդ Նալբանդյան

19:20 • 05.07.10

Հուլիսի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեին:

Նախարարը ողջունել է Պիեռ Բայեի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և Հայաստանի միջև համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Կողմերը հանգամանալից զրուցել են Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ծրագրերի մասին, մասնավորապես մայրաքաղաքի ֆրանսերեն թեքումով դպրոցներում իրականացվող նախագծերի մասին:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին և այսուհետ ևս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։