Մայրենի լեզուն մարդու անձնագիրն է. Ռոպեր Հատտեճյան

14:51 • 06.07.10

Արևմտահայերենը Սփյուռքում, դժբախտաբար, վախճանվելու վրա է։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը։
Ըստ նրա՝ Ստամբուլում գործում է 18 հայկական վարժարան, սակայն հայ ուսանողները կարևորություն չեն տալիս արևմտահայերենին։ Խմբագրապետը նաև նշեց, որ վարժարանների թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների թիվն սկսել է պակասել։

«Ծնողները՝ նորաձևությանը համահունչ երեխաներին ուղարկում են օտար վարժարաններ, ամեն վայրկյան լեզուն փչանում, վառվում է, մոխիր դառնում», – ասաց նա՝ հավելելով, որ Ստամբուլում մեծ թվով հայ աշակերտներ այցելում են նաև թուրքալեզու վարժարաններ։
Ըստ Հատտեճյանի՝ հայերը Սփյուռքում դառնում եմ օտարամոլության զոհ, ցավոք, հայերը օտար ամեն բանի նկատմամբ հակում ունեն։ «Մայրենի լեզուն դառնում է անտեսված։ Սակայն հենց մայրենի լեզուն է մարդու ինքնությունը, անձնագիրը», – նշեց Հատտեճյանը՝ հավելելով, որ Սփյուռքի հույսը հայրենիքն է։

Խոսելով հայ–թուրքական հարաբերությունների մասին՝ խմբագրապետը տեղեկացրեց, որ հանրային կարծիքը Թուրքիայում հակված է դեպի հարաբերությունների մերձեցում։ Իսկ թուրքական մամուլում այդ հարցի վերաբերյալ կան տարբեր կարծիքեր՝ ինչպես թշնամական, այդպես էլ դրական։