ReAnimania–ն հայտարարում է տաղանդների որս

11:12 • 06.07.10

2–րդ ReAnimania երևանյան միջազգային անիմացիոն փառատոնը տեղեկացնում է իր ծրագրերի մասին։ Այսպես, դեբյուտային մրցույթ կարող են մասնակցել 18-25 տարեկան երիտասարդ կինոգործիչներ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել կարճամետրաժ ֆիլմի գաղափար` սցենար, հնարավորության դեպքում` կերպարներ, միջավայր և այլն:

Լավագույն գաղափարը ներկայացնողը հնարավորություն կստանա իրականացնել ֆիլմը ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ReAnimania–ի հսկողությամբ ՔասսԱրթ Ստուդիոյի մասնագետների աջակցությամբ:

«Տաղանդների որս». ReAnimania 2010-ի շրջանակներում այն երիտասարդները, ովքեր ցանկանում են դառնալ անիմատոր, կերպարներ ձևավորող, պատկերապատող, միջավայր ձևավորող` ֆոն-նկարիչ, սցենարիստ կարող են իրենց աշխատանքների պորտֆոլիոն ներկայացնել փառատոնի մասնագետներին: Քննարկումների արդյունքում լավագույնը ճանաչված 5 պորտֆոլիոյի հեղինակները հնարավորություն կունենան մասնակցել հատուկ անիմացիոն դասընթացի: Այս ձեռնարկով փառատոնը նպատակ ունի տաղանդներ «որսալ» և աշխատել նրանց հետագա զարգացման վրա:

Բացի դրանից, փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 9-13-ը, կանցկացվեն անիմացիոն ֆիլմերի արտադրության վարպետության դասընթացներ վարպետների`Մաքս Հաուրադի, Ֆրենք Գլեդսթոունի և Յոշի Թամուրայի ղեկավարությամբ: Այս վարպետության դասընթացները կազմակերպվում են բացառապես տեղացի մասնագետների համար: Դասընթացը լիամետրաժ անիմացիոն ֆիլմի արտադրության գիտելիքների բազան ամրապնդելուն է ուղղված: