Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է 4 անգամ (տեսանյութ)

17:03 • 09.07.10

Տարվա այս շրջանում Երևանի փողոցներում զբոսաշրջիկների մեծ թիվն այլևս չի զարմացնում։ Բայց այս տարի զբոսաշրջիկների հոսքն աչքի է ընկնում սլավոնական արտաքինով հյուրերի առատությամբ։

Այսօր ռուսական Газета.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի տուրիստական գործակալությունների՝ կիսամյակի արդյունքները, որոնք կազմվել են նախապես ստացված պատվերների հիման վրա։ Ըստ այդմ, այս տարի ՌԴ քաղաքացիներն ավելի հաճախ ճանապարհորդում են Գերմանիա, Չեխիա և Բելգիա։

Սակայն Ռուսաստանից ճանապարհորդությունների քանակի աճով այս տարի ռեկորդ է սահմանել դեպի Հայաստան ուղղությունը։

Օնլայն պատվերների Hotels.com համակարգի տվյալներով՝ Երևանում հյուրանոցներ պատվիրող ռուս զբոսաշրջիկների քանակն անցած տարվա ապրիլից հետո աճել է 385%–ով։

Տուրիզմի շուկայում այս հանգամանքը բացատրում են գների մատչելիությամբ և դեպի Վրաստան ուղևորությունների դադարեցմամբ։

Ի դեպ, ռուսական կայքը տեղադրել է նաև տեսանյութ, որը պատրաստված է հայասանի ոչ այնքան թարմ լուսանկարներից: Դրանցից մեկում, օրինակ, երևում է հանգուցյալ Կուկուռուզնիկը: Վերոնշյալ տեսանյութը կցված է նյութին: