Ջենիֆեր Լոպեսի կիպրական այցելությունը չեղյալ է հայտարարվել հայամետ սենատորի ջանքերո՞վ

18:07 • 10.07.10

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն ծրագրված համերգը չեղյալ է հայտարարվել հայամետ և հունամետ հայացքներով հայտնի ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի ջանքերով: Այս մասին է տեղեկացնում թուրքական NTV հեռուստաալիքը` վկայակոչելով կիպրական Fileleftheros թերթը:

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսի այդ քայլը բուռն հակազդեցություն է առաջացրել Անկարայում: CNNTurk-ի փոխանցմամբ` հանրահայտ երգչուհուն քննադատել են ինչպես թուրքական իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը:

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից պատգամավոր Հալիդե Ինջեքարան, հակազդելով Լոպեսի որոշմանը, հայտարարել է. «Ավելի լավ կլինի` հրավիրվեն ոչ թե այնպիսիք, որոնք աշխարհում հայտնի են իրենց կոնքերով, այլ նրանք, ովքեր աչքի են ընկնում իրենց խելքով»:

«Եթե այստեղ խոսքը մարդու իրավունքների ոտնահարման մասին է, ապա Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության բնակիչների իրավունքներն են ոտնահարվում։ Այդ խոսքերն ավելի շատ ուղղված են Թուրքիայի դեմ»,- հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունից խորհրդարանական Շենոլ Բալը:

Հիշեցնենք, որ Կիպրոսի թուրքական հատվածում Ջենիֆեր Լոպեսի համերգը չեղյալ հայտարարելու մասին հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Ջենիֆեր Լոպեսը երբեք չի աջակցի այն պետությանը կամ վարչակարգին, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Կիպրոսի առնչությամբ արված որոշ ուսումնասիրություններից հետո Լոպեսն իր խորհրդականների հետ որոշել է չեղյալ հայտարարել այցելությունը»: