Կլաուդիա Կարդինալեի 130 կյանքերը. Դերասանուհին մի քիչ անկեղծացել է Երևանում

14:45 • 12.07.10

Իտալացի լեգենդար դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն ասում է, որ ինքն ավելի քան 130 կյանք է ապրել։ «Ես խաղացել եմ 130 դեր, այդ թվում՝ թագուհու, մարմնավաճառի, և այդքան էլ կյանք եմ ապրել»,- այսօր Երևանում կայացած ասուլիսին ասաց Կարդինալեն։

Հիշեցնենք, որ իտալացի դերասանուհին այս օրերին Երևանում է՝ «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի շրջանակում։

Կարդինալեն նշեց, որ դերասանի մասնագիտությունը մարդուն պարտավորեցնում է ուժեղ լինել. «Եթե ուժեղ չլինես, կկորցնես քեզ, քո ինքնությունը»։

Ըստ նրա՝ նկարահանումների ժամանակ դերասանը չպետք է իր համար հերոսի տեսքով իդեալ ստեղծի։ «Դու պետք է հետևես ռեժիսորին, դու պետք է վերածվես այն մարդուն, որին ուզում է տեսնել ռեժիսորը»,- հավելեց նա։

Լրագրողների այն հարցին, թե կինոարվեստի որ ժանրն է իրեն առավել հարազատ, դերասանուհին ասաց. «Ես նկարահանվել եմ կատակերգություններում, դրամաներում։ Տարբեր ֆիլմերում ես հաճախ եմ փոխվել, դարձել շիկահեր, կամ, օրինակ, իմ տարիքից ավելի մեծ։ Ես չունեմ նախընտրած ժանր։ Հետաքրքիր է հենց այդ տրանսֆորմացիան»,- ասաց դերասանուհին։

Կարդինալեն նաև անկեղծացավ՝ նշելով, որ ինքը մի քիչ «խելագար» է՝ բառի լավ իմաստով։ «Ինձ միշտ ձգում են կինոյի տարբեր էֆեկտները։ Ես սիրում եմ վտանգը, որքան շատ է վտանգը, այնքան ավելի շատ է այն ձգում»,- ասաց նա։

Այն հարցին, թե իր խաղացած բազմաթիվ ֆիլմերից որին է դերասանուհին նախապատվություն տալիս, Կարդինալեն նշեց Ֆեդերիկո Ֆելինիի «8 ½»-ը և Լուկինո Վիսկոնտիի «Ընձառյուծը»։ Դերասանուհին նաև դժվարությամբ առանձնացրեց ֆիլմերի իր զուգընկերներին, բայց, այնուամենայնիվ, նշեց Ալեն Դելոնի և Մարչելո Մաստրոյանիի անունները։

Հավելենք, որ երեկ երեկոյան Կլաուդիո Կարդինալեի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 18-ը։