Կլաուդիա Կարդինալեն ուզում է ճամփորդել Հայաստանում

15:27 • 12.07.10

Հայաստանն ու Իտալիան իրար շատ նման երկրներ են, արտաքնապես նման են նաև բնակիչները։ Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց իտալացի հռչակավոր դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

«Երբ ես հյուրանոցում միացրեցի հեռուստացույցը և տեսա իտալական բոլոր ալիքները, զարմացա»,- ասաց դերասանուհին։ Կարդինալեն արդեն երեք օր է Երևանում է. «Այնինչ ես չեմ կարողացել լինել տարբեր տեղերում։ Հուսով եմ, որ հաջորդ անգամ Հայաստան կայցելեմ ավելի երկար ժամանակով»,- ասաց դերասանուհին և ընդգծեց, որ կցանկանար ճանապարհորդել Հայաստանում։

83–ամյա դերասանուհին նշեց, որ իրեն Երևանում շատ ջերմ են ընդունել։

Կարդինալեն ասաց, որ իր կարիերայի 52 տարիների ընթացքում բազմաթիվ փառատոների է մանսակցել և կարող է աել, որ «Ոսկե ծիրանն» արդեն կայացած փառատոն է։

Այն հարցին, թե կհամաձայնե՞ր արդյոք հայ ռեժիսորի ֆիլմում նկարահանվելու առաջարկին, Կարդինալեն պատասխանեց, որ չի բացառվում, սակայն շատ բան կախված է սցենարից, որի տեքստը պետք է գրված լինի ոչ հայերեն։

Խոսելով իր ծրագրերի մասին՝ դերասանուհին հայտնեց, որ շարունակում է աշխատել մինչև օրս։ «Վերջերս ես նկարահանվել եմ Ֆրանսիայում և Թուրքիայում։ Կան նախագծեր Իսպանիայում, ինչպես նաև Նյու Յորքում»,- ասաց Կարդինալեն։

Դերասանուհին հավելեց, որ ինքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է և իրականացնում է էկոլոգիական, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նախագծեր։