Մինչև 2011թ. կնկարահանվի հայ-թուրքական արտադրության 3 ֆիլմ

12:08 • 12.07.10

Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը»։ Ինչպես լրագրողներին հայտնեց կինոգետ, կինոպլատֆորմի համակարգող Արծվի Բախչինյանը, այս ծրագիրն իրականացնում է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը և թուրքական «Անադոլու քյուլթուր» ՀԿ-ն։

Ըստ Բախչինյանի՝ ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել երկխոսություն հայ և թուրք կինոգործիչների միջև։ Բացի այդ, կա նաև պրակտիկ ծրագիր՝ համատեղ կինոարտադրություն։ Այս տարի կինոպլատֆորմին մասնակցում են 6 կինոնախագծեր, որոնք ընտրվել են Հայաստանում և Թուրքիայում անցկացված մրցույթների արդյունքում։ «Մենք նպատակ ունենք մինչև տարվա վերջ ունենալ կարճամետրաժ և վավերագրական 3 ֆիլմ»,- ասաց նա՝ նշելով, որ այս տարի ֆիլմերի նկարահանումները ֆինանսավորելու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Բախչինյանը ներկայացրեց նաև կինոպլատֆորմի այս տարվա մասնակիցներին` Հայաստանից Գագիկ Հարությունյան, Հարութ Կբեյան, Թուրքիայից Ռուսլաթ Սարաջօղլու, Սայաթ Դաղլյան, Ջանայ Օզդեն։

Կինոպլատֆորմին ներկայացված հայ-լիբանանյան նախագծի հեղինակն է Նիկոլ Բեզջյանը, իսկ Վան քաղաքի մասին պատմող հայ-ամերիկյան նախագծի հեղինակը՝ Ջեֆ Գալստյանը։

Բախչինյանը նաև նշեց, որ համատեղ նկարահանվելիք ֆիլմերը կներկայացվեն Ստամբուլի 2011թ.կինոփառատոնին։