Թուրք ռեժիսորի կարծիքով՝ կինոն կարող է վերջ դնել հայ–թուրքական թշնամանքին

15:25 • 13.07.10

Հայ-թուրքական հակամարտությունը հիմնված է վախի վրա: Այս կարծիքին է գերմանացի ռեժիսոր, ծագումով թուրք Ֆաթիհ Աքինը:

«Ես դա պարզել եմ: Խնդիրն այն է, որ պետք է հաղթահարվի այն վախը, որն առաջանում է ճշմարտությանը նայելիս: Կինոն, երաժշտությունը, գրականությունը կարող են բռնել մարդու ձեռքը և առաջնորդել մութ սենյակներով», - այսօր Երևանում կայացած ասուլիսում ասաց ռեժիսորը:

Նա համոզված է, որ կինոն կարևոր միջոց կարող է լինել այս հարցում: Այս համատեքստում նա հիշեցրեց ռոքն-ռոլի ազդեցությունը:

«Կինոն ունի ուժ, որն անհրաժեշտ է այդ վախը հաղթահարելու համար», - նշեց նա՝ ընդգծելով, որ ինքը համոզված է, որ այդ ժամանակը կգա:

Միաժամանակ, նա նշեց, որ Թուրքիայում այդ վախից բազմաթիվ հոգիներ են կործանվել:

Աքինը նաև պատմեց, որ իր ծնողները ծնվել են Թուրքիայում: «Ես չեմ ուզում ողբերգականացնել, թե ինչ խնդիրներ եմ ունեցել իմ թուրքական ինքնության պատճառով», - ասաց նա` նշելով, որ իր բոլոր ֆիլմերը բացի «Հոգու խոհանոցից» այդ խնդիրների մասին են:

Ռեժիսորն ասաց, որ ինքը Թուրքիային նայում է ինչպես կնայեր «դրսի մարդը»:

«Ես փորձել եմ հասկանալ Թուրքիան: Նկարահանելով «Անցնելով կամրջի վրայով» ֆիլմը՝ ես մտածում էի, թե հասկացել եմ, սակայն փորձը ցույց է տալիս, որ լիովին չեմ հասկացել», - ասաց նա:

Աքինը նկատեց, որ ինքն ընդհանրապես չի առաջնորդվում արյան դասակարգմամբ: Ըստ նրա` դա շովինիզմ է:

«Արյունը նույնն է, պարզապես տարբեր խմբեր ունի։ Եթե սկսես արյունը դասակարգել, ուղեղդ կմթագնի», - ասաց նա` նշելով, որ մարդիկ պետք է անցնեն բոլոր սահմանները և արգելքները: