Գերմանացի ռեժիսորը Սյուզի Կենտիկյանի երկրպագուն է

15:03 • 13.07.10

Ծագումով թուրք, գերմանաբնակ Ֆաթիհ Աքինը երբևէ չի մտածել հայի և թուրքի հակամարտության վերաբերյալ ֆիլմ նկարելու մասին։

«Ես երբեք չեմ մտածել այդպիսի նախագծի շուրջ: Եթե անգամ մտածեի, այն դիդակտիկ նյութ կլիներ», - այսօրվա ասուլիսին ասաց Աքինը:

Հիշեցնենք, որ ռեժիսորն այս օրերին գտնվում է Երևանում և մասնակցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

Աքինը նշեց, որ ինքն ավելի ակտիվ է սպորտի բնագավառում, մասնավորապես` բոքսում:

«Կուզենայի մի ֆիլմ նկարահանել բոքսի մասին: Բոլոր մեծ ռեժիսորները նկարել են ֆիլմ բոքսի մասին, և քանի որ ես էլ եմ ուզում դառնալ մեծ ռեժիսոր, ես էլ կանեի դա», - ասաց նա:

Աքինը նշեց, որ Սյուզի Կենտիկյանի երկրպագուն է և այցելում է նրա բոլոր մենամարտերին: Բացի դրանից ռեժիսորը համակրում է Արթուր Աբրահամին: Այս կոնտեքստում նա առանձնացրեց Աբրահամ-Օռալ մենամարտը:

Նա նկատեց, որ այդ մենամարտի հիման վրա ֆիլմի միջոցով կարող էր ցույց տալ հայ-թուրքական հարցերում առկա շովինիզմը և ատելությունը:

«Ես ցույց կտայի նաև, թե ինչ բարի հարաբերություններ կան Աբրահամի և Օռալի միջև», - պարզաբանեց նա:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի Աքինի վերջին՝ «Հոգու խոհանոց» ֆիլմը: