Ֆրանսահայ ռեժիսորի Ցեղասպանության ակնարկով ֆիլմը կմասնակցի թուրքական կինոփառատոնին
«Շների կղզու պատմություն» անիմացիոն կինոնկարը մի քանի անգամ փակ ցուցադրությամբ ներկայացվել է թուրքական համալսարաններում և կինոակումբներում։ Այդ մասին Երևանում այսօր ասաց ֆիլմի ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը։
Ավեդիքյանը տեղեկացրեց, որ «Շների կղզու պատմություն» ֆիլմի բաց ցուցադրությունը շուտով տեղի կունենա թուրքական NTV հեռուստաալիքով, որը ըստ ռեժիսորի, ամենահամարձակ ալիքներից է։
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնի օրերին՝ այս տարվա հոկտեմբերի 9–15–ը։ Հավելենք, որ Ավեդիքյանը նշանակվել է թուրքական փառատոնի ազգային ժյուրիի անդամ։
Ռիժիսորը նաև տեղեկացրեց, որ արդեն նկարել է «Շների կղզու պատմություն» ֆիլմի շարունակությունը, մնում է ավարտին հասցնել մոնտաժային աշխատանքները։ Ֆիլմը կանվանվի «Ստամբուլի փողոցային շների խրոնիկա»։ Մյուս տարի այն կներկայացվի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։
«Ամբողջ ֆիլմը նկարահանված է Ստամբուլի փողոցներում։ Երկրորդ ֆիլմը շների պատմությունն է 100 տարի անց», – պարզաբանեց նա։
Հիշեցնենք, որ Ավեդիքյանի առաջին ֆիլմը պատմում է Պոլսի շների մասին, որոնց 1910թ. հավաքում են և տեղափոխում անմարդաբնակ կղզի՝ ոչնչացնելու նպատակով։










