Սևամորթ հայ ռեժիսորի տպավորությունները Հայաստանից առայժմ խոհանոցային են

15:55 • 14.07.10

Այս օրերին «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանում է հայկական ծագումով, սևամորթ երկվորյակ ռեժիսորներից մեկը՝ Ալեն Հյուզը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում։ Իմ հայ ընտանիքի անդամներից ոչ մեկն այստեղ չի եղել։ Նրանք բոլորն էլ ցանկանում են գալ Հայաստան, և կարծում եմ՝ հաջորդ տարի նրանք դա կանեն», – լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Հյուզը։

Ռեժիսորը նշեց, որ իր տպավորությունները Հայաստանից դեռ շատ չեն, քանի որ երկրորդ օրն է, ինչ Երևանում է։ «Երեկ ճաշել ենք հայկական խոհանոցում, խմել հայկական սպիտակ գինի. հիանալի էր», – պատմեց նա։

Խոսելով նոր ծրագրերի մասին՝ Ալենն ասաց, որ դրանք շատ են, «սակայն երբեք չգիտես, թե որն իրականություն կդառնա»։ «Հնարավոր է՝ միաժամանակ տասը նախագծի վրա աշխատես, սակայն դրանցից միայն մեկն իրականա, կամ էլ իրականանալուց հետո դառնա բոլորովին այլ բան», – նկատեց նա։

Ռեժիսորը պատմեց, որ եղբայրն ու ինքը միասին նկարահանել են հինգ ֆիլմ։ Հարցին, թե երբևէ ֆիլմ կնարահանի՞ հայերի մասին, կամ հայկական թեմայով, Ալենը պատասխանեց. «Հնարավոր է»։ «Դրա համար պետք է այստեղ լինեմ և որոշակի փորձառություն ձեռք բերեմ»,– ասաց նա։

Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում Երևանում կցուցադրվի Հյուզ եղբայրների «Իլայի գիրքը» ֆիլմը։