Քշիշտոֆ Զանուսին պատերազմ է հայտարարում ֆեմինիստուհիներին
Աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին մտադիր է նոր ֆիլմ նկարահանել «Օտարածին մարմին» վերնագրով։
Ինչպես այսօր Երևանում լրագրողներին հայտնեց ռեժիսորը, այժմ ինքը ֆինանսներ է փնտրում։ «Այդ ֆիլմը կանանց պաշտպանությունն է ֆեմինիստուհիներից»,- ասաց նա։
Ռեժիսորը նշեց, որ բնավ էլ դեմ չէ ֆեմինիզմին։ Սակայն, նրա կարծիքով, ֆեմինիզմը, ինչպես խոլեստերինը, լինում է լավ և վատ։
Զանուսին հավելեց, որ մինչև Երևան ժամանելը ավարտել է սցենարի վրա աշխատանքը։ Զանուսիի «Օտարածին մարմինը» Իտալիայի, Լեհաստանի, Գերմանիայի և Ռուսաստանի համատեղ արտադրանքի արդյունք կդառնա։
Հիշեցնենք, որ լեհ ռեժիսորը Երևանում է «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի շրջանակում։ Նույն փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Զանուսիի «Պատասխան այց» ֆիլմի երևանյան պրեմիերան։










