Սաակաշվիլին Վրաստանի վերջին նախագահն է, որը կարող է մեջբերել Պուշկինին ու Եսենինին

13:14 • 16.07.10

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է ռուս ազգի և ռուսական մշակույթի նկատմամբ իր սիրո մասին։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի հարցազրույցը բելառուսական Առաջին ալիքին։ Սաակաշվիլին մտավախություն է հայտնել, որ երկրների միջև լարվածությունը բացասաբար կազդի Վրաստանում ռուսական մշակույթի ներկայության վրա։

«Ես միշտ ասել եմ, որ ես Վրաստանի երևի վերջին կամ նախավերջին նախագահն եմ, որը կարող է մեջբերել Պուշկինին, Լերմոնտովին, Բրոդսկիին, Եսենինին»,- ասել է նա։ Սաակաշվիլին մտավախություն է հայտնել, որ նոր սերունդը արդեն չի իմանա Ռուսաստանի գոյության մասին։ Նա նաև նշել է, որ ստիպել է իր որդուն ռուսերեն սովորել։

Ըստ Սաակաշվիլիի՝ ինքը չի հասկանում Ռուսաստանի ներկայացրած պահանջները։ Նա նշել է, որ Վրաստանը միշտ ցանկացել է ընդառաջ գնալ ռուսական կողմին, նույնիսկ պատրաստ է եղել որոշ զիջումների։ Սակայն Ռուսաստանում, ըստ նրա, «ավելին են ուզում»։