Սևամորթ ռեժիսորը մյուս տարի Հայաստան կվերադառնա՝ արդեն ընտանիքի հետ
Հայկական ծագումով, կալիֆոռնիաբնակ սևամորթ երկվորյակ ռեժիսորներից մեկը՝ Ալեն Հյուզը, որը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում այցելել է Երևան, այսօր լրագրողներին ասաց, որ շատ ուրախ է լինել իր մոր նախնիների հայրենիքում։
«Ազգականներս նախանձում են, նրանք էլ ուզում էին գալ, և հիմա սպասում են իմ վերադարձին, որ կիսվեմ, այսպես ասած՝ հաշվետվություն տամ Հայաստան այցիս վերաբերյալ», – ասաց նա։
Ռեժիսորը նշեց, որ մյուս տարի, եթե նորից հրավեր ստանա «Ոսկե ծիրանից», կգա Հայաստան արդեն եղբոր և մոր հետ միասին։
Խոսելով եղբոր հետ համագործակցության մասին՝ Ալենը տեղեկացրեց, որ նախկինում կինո նկարահանելիս նրանք հանդես էին գալիս որպես ռեժիսոր, իսկ ապագա նախագծերում նրանք կբաժանեն պարտավորությունները. մեկը կզբաղվի պրոդյուսերական գործով, մյուսը՝ ռեժիսորական։
«Շատ դժվար է երկվորյակ եղբայր լինել։ Երբ երեխա էինք, մորս համար էր դժվար։ Եթե նա մեզ ջուր էր տալիս կամ կոնֆետ կիսում, ամեն ինչ պետք էր նույն չափի լիներ։ Եթե մեկիս մի բան էր տալիս, մյուսին էլ պետք է տար։ Կարելի է ասել՝ նա շարժվում էր կոմունիստական սկզբունքներով», – հիշեց նա։
Ալենը վստահեցրեց, որ երկվորյակ լինելու հանգամանքը եղբայրները չեն օգտագործել աղջիկների մոլորեցնելու համար, սակայն ուսուցիչներին մոլորեցրել են։
Ստեղծագործական կյանքում երկվորյակ լինելը, նրա խոսքով, բեռ է դարձել։ «Ես անհատ եմ, եղբայրս նույնպես, պահ է գալիս, երբ ցանկանում ենք գործել որպես անհատներ», – ասաց նա։
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ ռեժիսորը նշեց, որ իր ընտանիքը միշտ հիշում է դրա մասին։
Նշենք, որ Հյուզ եղբայրների «Իլայի գիրքը» ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրանի» շրջանակներում։










