65 հայ և թուրք երիտասարդներ` թուրքական բեմում

14:22 • 17.07.10

Երեկ Ստամբուլի Cemal Reşit Rey («Ջեմալ Ռեշիթ Ռեյ») համերգասրահում տեղի է ունեցել 65 հայ և թուրք երիտասարդներից կազմված «Հայաստան-Թուրքիա երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի» երկար սպասված առաջին համերգը:

Թուրքական Dogan («Դողան») լրատվական գործակալության փոխանցմամբ` համատեղ համերգը, որի մտահղացումը պատկանում է հայկական նվագախմբի ղեկավար ծնունդով Ստամբուլից Նվարդ Անդրեասյանին, տեղի է ունեցել «Անատոլիական մշակույթ» ՀԿ-ի, Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի և Բողազիչի համալսարանի ջանքերով:

Համերգի ընթացքում հնչել են Բեթհովենի, Բիզեի և չեխ կոմպոզիտոր Սմետանայի գործերը: Ջութակի անզուգական կատարմամբ հանդես է եկել 22-ամյա Հրայր Կարապետյանը` կատարելով Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը:

«Երաժշտությունը կարող է կամուրջ դառնալ այն հանրությունների միջև, որոնց միջև կան կարծրատիպեր: Այդ նպատակով մենք որոշել էինք ձևավորել համատեղ սինֆոնիկ նվագախումբ, և ահա մեկ տարի անց այստեղ ենք: Դա ուղղակի հրաշք է: Ինչո՞ւ ընտրեցինք Հայաստանը՝ որովհետև այդ երկրի հետ մեր սահմանները փակ են և չունենք դիվանագիտական հարաբերություններ»,- հայտարարել է թուրքական նվագախմբի ղեկավար Ջեմ Մանսուրը` ավելացնելով, որ համերգը մեծ խանդավառություն է առաջացրել Թուրքիայում բնակվող ինչպես ազգությամբ թուրք, այնպես էլ հայ քաղաքացիների շրջանում: