Թուրք ռեժիսորը ստացավ գլխավոր «Ոսկե ծիրանը»
Հուլիսի 18-ին ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը, որի փակման և մրցանակների հանձնման արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում:
Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտերից ընտրվել էին և ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր, որոնցից 45-ը մրցում էին 3 անվանակարգերում, իսկ դրանք դատում էին 5 միջազգային ժյուրիներ:
«Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացել է թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակին՝ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը։
«Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ» անվանակարգում «Ոսկե ծիրան» է ստացել Պավել Կոստոմարովը` «Երկուսով» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան»՝ Վադիմ Յենդրեյկոն` «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում «Ոսկե ծիրան» է շնորհվել Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին, «Արծաթե ծիրան» մրցանակ՝ Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմին, և Հատուկ հիշատակում է ստացել Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմը։
FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ է ստացել Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը։
Էկումենիկ կամ Եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար։
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ է շնորհվել Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույն է ճանաչվել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:










