Բեռլուսկոնիի մուրազը չիրականացավ. Ազնավուրը մենակ երգեց
Երեկ Իտալիայի Միլան քաղաքում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի մենահամերգը: Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթը` ավելացնելով, որ Ազնավուրի հետ նույն բեմում հանդես գալու Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հույսերն ի դերև են ելել:
«Հաղորդվում էր, թե ես երգելու եմ նրա հետ: Սակայն իմ հասարակական գործունեությունը թույլ չի տալիս դա անել»,- սրամտել է Բեռլուսկոնին` բավարարվելով միայն Ազնավուրի ելույթը ֆրանսերեն ազդարարելով:
Սակայն Իտալիայի վարչապետը Շառլ Ազնավուրի բեմ դուրս գալուց առաջ Միլանի քաղաքապետ Լետիցիա Մորատիի հետ երգել է O mia bela Madunina երգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական Hurriyet օրաթերթը տեղեկություն էր տարածել այն մասին, թե աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում են միասին երգել Միլանի Duomo տաճարի հրապարակում, որտեղ 2009թ. դեկտեմբերի 13-ին Մասիմո Տարտալիան հուշանվեր արձանիկով կոտրել էր Բեռլուսկոնիի քիթը:










