Թետչերի զավակները վիրավորվել են ֆիլմարտադրողներից. Երկաթյա լեդին ներկայացվում է որպես տկարամիտ պառավ

21:19 • 21.07.10

1979-1990թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի զավակներն իրենց դժգոհությունն են արտահայտել այն առնչությամբ, թե ինչպես է իրենց մայրը ներկայացվելու ներկայումս նկարահանվող կինոկենսագրությունում։ Սպասվող ֆիլմում Երկթյա լեդիին մարմնավորելու է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը։

Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, լեգենդար վարչապետի զավակների՝ Մարկի և Քերոլի ձեռքերում է հայտնվել «Երկաթյա լեդին» ֆիլմի սցենարը. «Սըր Մարկը և Քերոլը ապշած են ֆիլմի մասին իրենց իմացածից,- հայտարարել է Թետչեր ընտանիքի բարեկամը։- Նրանք կարծում են, որ սցենարը ձախերի ինչ-որ մոլի կողմնակցի երևակայություն է հիշեցնում։ Նրանք բավականին զայրացած են, բայց չեն պատրաստվում այդ մասին հրապարակայնորեն հայտարարել՝ ժապավենը չգովազդելու համար»։

Ըստ աղբյուրի՝ Մերիլ Սթրիփը պետք է խաղա տկարամիտ մի ծեր կնոջ դեր, որը նույնիսկ չի հասկանում, որ իր ամուսինը՝ սըր Դենիս Թետչերը, արդեն մի քանի տարի է, ինչ մահացել է։

Pathe կինոընկերությունում, որտեղ նկարահանվում է «Երկաթյա լեդին», չեն հաստատել Մերիլ Սթրիփի հերոսուհու տկարամտության մասին լուրը՝ նշելով, որ ժապավենում իրադարձությունները ծավալվում են ոչ վաղ անցյալում և գլխավոր հերոսուհին վերստին ապրում է վերելքներ ու վայրէջքներ, որոնցով լի է եղել իր քաղաքական կարիերան։

«Այս ֆիլմը իշխանության մասին է և այն գնի, որը ստիպված ես վճարել դրա համար։ Ինչ-որ իմաստով սա ցանկացած մարդու պատմությունն է, որը ստիպված է եղել հավասարակշռություն փնտրել անձնական կյանքի և հասարակական գործունեության միջև»,- դիվանագիտորեն պատասխանել է Pathe-ի գործադիր տնօրեն Քեմերոն Մակքրաքենը։ Նա նաև հաստատել է, որ ֆիլմում ուշադրություն է դարձվելու Թետչերի առողջությանը (այս տարի լրանում է նրա 85-ամյակը), սակայն դա արվելու է այնպես, որպեսզի ոչ ոքի չվիրավորի։