Շվարցենեգերը Մել Գիբսոնին համեմատել է Մեքսիկական ծոցի նավթային բծի հետ

11:43 • 22.07.10

Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը դերասան Մել Գիբսոնին համեմատել է Մեքսիկական ծոցի նավթային բծի հետ։ Այս մասին հայտնում է KCRA հեռուստաալիքը՝ հիշեցնելով, որ Գիբսոնը ներքաշված է իր նախկին ընկերուհի Օկսանա Գրիգորևայի հետ կապված սկանդալում։

Ելույթ ունենալով կալիֆոռնիացի պաշտոնյաների առջև՝ Շվարցենեգերը հայտարարել է, որ երկու նորություն ունի ներկաների համար՝ մեկ լավ, մյուսը՝ վատ։ Ըստ նահանգապետի՝ լավ նորությունն այն է, որ BP ընկերությունը վերջապես մտածել է, թե ինչպես Մեքսիկական ծոցում նավթային բծի դեմն առնի։

«Սակայն ոչ ոք այդպես էլ դեռ չի մտածել Մել Գիբսոնի դեմն առնելու միջոց»,- ասել է Շվարցենեգերը՝ ակնարկելով բազմիցս հասարակական կարգը խախտած և այդպես էլ պատասխանատվության չենթարկված ավստրալացի դերասանի բարդ բնավորությունը։

Գիբսոնի ներկայացուցիչ Ալան Նայրոբը դրականորեն է ընդունել Շվարցենեգերի հեգնական դիտարկումը՝ գոհունակություն հայտնելով, որ նահանգապետը պահպանում է հումորի զգացումը։ Միաժամանակ Նայրոբը ենթադրություն է արել, որ նման հայտարարությամբ Շվարցենեգերը իր համար շոուբիզնես վերադառնալու ճանապարհ է հարթում։

Միաժամանակ Ոստայնում շրջանառվում է Մել Գիբսոնի և նրա զավակի մոր՝ ռուսաստանցի Օկսանա Գրիգորևայի միջև վեճի նոր ձայնագրություն։ Դրանում Գիբսոնը չի հերքում, որ հարվածել է Գրիգորևային և իրենց մեկամյա զավակին, բայց պնդում է, որ Օկսանային ոչ ոք չի հավատա։

Այժմ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Գրիգորևայի ցուցմունքների հիման վրա, որը Գիբսոնին մեղադրել է կենցաղային բռնության հակում ունենալու համար։