Աֆղանստանում կօրհնվի հայկական նորակառույց մատուռը

10:55 • 26.07.10

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Աֆղանստան:

Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները: