Պիկասոյի կորած «Դոն Կիխոտը» գտել են Թբիլիսիում
Պիկասոյի «Դոն Կիխոտ» նկարի բնօրինակն արվեստագետները պատահաբար հայտնաբերել են Թբիլիսիում՝ վրացական մի ընտանիքում։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով «Կվիրիս պալիտրա» թերթը։
Պարզվում է՝ մի ընտանիքում արվեստագետ Լալի Լեբանիձեի ուշադրությունը գրավել է Պիկասոյի նկարներից մեկը, որը, ըստ ընտանիքի անդամների, արտասահմանից բարեկամի ուղղարկած «Դոն Կիխոտ» կտավի կրկնօրինակն էր։
Նշենք, որ աշխարհահռչակ նկարչի այս ստեղծագործությունը համարվում էր կորած։ Այն Պիկասոն 1955–ի օգոստոսին նկարել էր բանաստեղծ Լուի Արագոնի պատվերով՝ մի ֆրանսիական գրական ամսագրի համար։ Ամսագրում հրապարակված այդ գրաֆիկական պատկերը շուտով մեծ ժողովրդականություն վայելեց, իսկ բնօրինակն անհետացավ։
Վրացի արվեստագետները մտադիր են ստեղծել հատուկ հանձնաժողով՝ նկարն ուսումնասիրելու և դրա իսկությունը պարզելու նպատակով։










