Դուբլինը՝ «Գրականության քաղաք»
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինին շնորհել է «Գրականության քաղաք» կոչումը։ Այսպիսով Դուբլինը դարձավ այդ կոչմանն արժանացած 4-րդ քաղաքը։ Ավելի վաղ «գրականության քաղաքներ» են եղել Էդինբուրգը, Մելբուռնը և Այովա–Սիթին։
Իռլանդիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի նախարար Մերի Խանաֆիի կարծիքով՝ Դուբլինը լիովին արժանի է այդ տիտղոսին, քանի որ ունի հարուստ գրական անցյալ, արագ զարգացող ժամանակակից գրականություն, բազմաթիվ փառատոներ ու զբոսաշրջիկներին գրավող տեսարժան վայրեր։ Բացի այդ, այնտեղ են ծնվել ու ստեղծագործել հանրահայտ գրողներ։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այդ տիտղոսին արժանանալու համար չափորոշիչներ են հանդիսանում խմբագրությունների, հրատարակչատների, գրադարանների, գրախանութների և կրթական հաստատությունների քանակն ու որակը, գրական փառատոների անցկացման փորձը, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների՝ գրական կյանքին ակտիվ մասնակցությունը։










