Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել. Հրանուշ Հակոբյան

08:53 • 29.07.10

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվել է «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով»: Մասնակցել են երգարվեստի և պարարվեստի ճանաչված գործիչներ Հայաստանից ու Սփյուռքից:

Կարևորելով հայապահպանության գործում հայ մշակույթի անգնահատելի դերը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում ասել է. «Համաշխարհայնացման պայմաններում, երբ աշխարհը շատ արագ է փոփոխվում, փոքրանում, մենք պետք է մեր մշակույթով պահենք ու պաշտպանենք մեր ազգային ինքնությունը: Ինչպես հայոց բանակն է ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այնպես էլ դուք` մշակույթի նվիրյալներդ, ապահովում եք մեր հոգևոր անվտանգությունը: Այս առումով, արվեստի գործիչները, ինչպես կրթության բնագավառի վաստակաշատ մեր հայրենակիցներն ազգի հերոսներ են, տիտաններ»:

«Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել: Փորձենք համատեղ ուժերով զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը և ամրապնդել ու հզորացնել կապերը Հայրենիքի հետ», - ասել է նախարարը։

Նա առաջարկել է այսուհետ կազմակերպել պարի, երգի, անհատական կատարողների մասնագիտական փառատոներ, նաև ստեղծել պարարվեստի գործիչների համակարգող խումբ, որը կուսումնասիրի և տեղեկություններ կհավաքի Սփյուռքի պարի խմբերի կարիքների վերաբերյալ: