Եգիպտոսում հնարավոր է արգելեն «Հազար ու մեկ գիշերը»
Եգիպտոսի դատախազությունը քննարկում է «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների վաճառքն արգելելու մասին «Փաստաբաններ առանց կապանքների» կազմակերպության ներկայացրած հայցը, որն այնուհետև փոխանցվել է Եգիպտոսի Պետական անվտանգության բարձրագույն դատախազություն։
Իսլամի պահպանողական հետևորդներն այդ հին ժողովածուի մեջ հայտնաբերել են «անբարոյականություն և անառակություն» ու պահանջում են վաճառքից հանել արաբական հեքիաթների ժողովածուի ողջ տպաքանակը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել հրատարակման նախաձեռնողին։
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ արաբական հայտնի հեքիաթները սեքսուալ բնույթ կրող ու անբարոյականություն քարոզող բազմաթիվ արտահայտություններ են պարունակում, ինչը խարխլում է իսլամական մշակույթի հիմնական արգելքներն ու հիմքերը։
Սակայն, ի պաշտպանություն ստեղծագործության հանդես է եկել Եգիպտոսի գրողների միությունը, որի անդամների կարծիքով՝ «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթները համամարդկային ժառանգություն են, և անհրաժեշտ է դրանք պահպանել նախնիներից ժառանգած տեսքով, հայտնում է Дни.ru-ն։
Նշենք, որ հեքիաթները վերջին անգամ հրատարակվել են Եգիպտոսի մշակույթի նախարարության բաժիններից մեկի աջակցությամբ։










