Մշակույթը Արցախի զարգացման առանցքային ուղղություններից է. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Տնջրե» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների:
Երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով նշանակալի իրադարձություն ինչպես Արցախի կյանքում, այնպես էլ տարբեր երկրների հետ մշակութային կապերի ստեղծման ու ամրապնդման գործում:
Բակո Սահակյանը նշել է, որ մշակութային ոլորտը Արցախի զարգացման առանցքային ուղղություններից մեկն է և հանդիսանում է Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:










