Աշխարհի չարիքի պորտը մենք չենք. Վարդան Պետրոսյան
Դերասան, դրամատուրգ Վարդան Պետրոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի մշակութային կյանքին, նշեց, որ 1995–96 թթ. իրավիճակն ու ներկան սար ու ձորի տարբերություն ունեն։
«Ապշեցուցիչ ակտիվություն, գունեղություն, թատերական ֆեստիվալներ, դասական երաժշտություն, ինչ ասես՝ կա։ Դուք չեք պատկերացնում, 94–95 թթ. ես մտա Սունդուկյանի թատրոն, վախեցա։ Որ թատրոն մտնեիք, Ստանիսլավսկու թատրոն, վախենում էիք՝ էն Աղվերանի ճանճերը որ կան, էսպես անշարժ կանգնում են օդում, նման ճանճեր էին օդում, բակում հավ էր ման գալիս, կատուները բուն էին դրել։ Վերջացած տարբերակ էր։ Ասում ես՝ մի՞թե մենք պրծանք։ Բայց տեսեք, մենք ոչ միայն չպրծանք, այլև այսօր աֆիշաների համար տեղ չկա»,– հայտարարեց հայտնի դերասանը։ Նշելով, որ Հայաստանում մշակութային կյանքը ակտիվ է՝ դերասանը չխոսեց դրա որակի մասին և նկատեց, որ դրա գնահատականը պետք է հասարակությունը կա։
Այնուամենայնիվ դերասանը խանդավառված էր հատկապես երիտասարդներով, անգամ Հայաստանի քաղաքական գործիչներով, որոնք, ի տարբերություն, օրինակ, վրաց նախագահի, «ներկայացման վերջում ծափահարել գիտեն, բեմադրությունից ոգևորվել գիտեն»։
Դպրոցականներին «զոռով թատրոն տանելու» սովորույթի մասին Վարդան Պետրոսյանը նշեց. «Մարդկանց թատրոն տանելու մեջ վատ բան չկա»։
Ըստ նրա, մարդկանց թատրոն տանելու երևույթը կա և Ֆրանսիայում, և այլ երկրներում։ Այնպես որ, ըստ Վարդան Պետրոսյանի, «աշխարհի չարիքի պորտը մենք չենք»։ Նույն միտքը դերասանը մեջբերեց՝ մշակույթում գրաքննության անհրաժեշտությանն անդրադառնալիս։ Պետրոսյանի խոսքով՝ գրաքննություն կա և՛ Ֆրանսիայում, և՛ ԱՄՆ–ում, և հարկավոր է, որպեսզի որոշակի գրաքննություն իրականացնող հանձնաժողով լինի նաև Հայաստանում, որպեսզի «օրինակ, արգելի եթերում ոչ գրական լեզվի օգտագործումը»։ Դերասանը կարևորում է նաև ներքին գրաքննությունը։










