Թաղել գործընկերոջը. հայկական նախանձի ֆենոմենը՝ ըստ Վարդան Պետրոսյանի

15:33 • 02.08.10

«Յուրաքանչյուր երկիր պետք է որդեգրի իրեն համապատասխան մշակութային քաղաքականություն։ Մշակույթը մարդուն Աստծուն մոտեցնելու ամենաընդունելի, ամենահասկանալի ճանապարհն է»,– այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց դերասան, դրամատուրգ Վարդան Պետրոսյանը։

Անդրադառնալով թատերական կյանքին՝ Վարդան Պետրոսյանը նշեց, որ իրեն ցավ է պատճառում պետական և մասնավոր թատրոնների վեճը, որը բացառում է ազատ մրցակցությունն ու չի թույլատրում, որ այդ ոլորտը զարգացում ապրի։ Դերասանը համոզված է, որ միմյանց հանդեպ վիրավորանքները, նվաստացումները, գործընկերների հետ «անձնական դառը հարաբերությունները» խանգարում են մշակույթի զարգացմանը։

«Մինչև հանդիսատեսի գալը զինակիցդ է քո գոտեպնդողը, բայց զինակիցներն իրար գոտեպնդելու փոխարեն ուղղակի թաղում են իրար։ Թունոտ նախանձը մեզ սպանում է»,– ասաց Վարդան Պետրոսյանը՝ գործընկերների հետ վատ հարաբերությունները պայմանավորելով ազգային հատկանիշներով։ Վարդան Պետրոսյանը վստահ է, որ բարի նախանձը մշակութային դաշտում միայն լավ ուղղությամբ կարող է տանել գործընթացը ու մարդուն հասցնել լավ արդյունքների։