Վաճառքի կհանվի Մայքլ Ջեքսոնի ոչ հայտնի 10 երգերի ժողովածուն

13:01 • 03.08.10

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի՝ երաժշտասերների լայն շրջանակին անհայտ 10 երգերի ժողովածուն վաճառքի կդրվի նոյեմբերին։ Սա Sony Music ընկերության և երգչի ժառանգների միջև մարտին ստորագրված պայմանագրի արդյունքն է։ Այս մասին, ИТАР-ТАСС–ի փոխանցմամբ, Rolling Stone երաժշտական ամսագրին հայտնել է Ջեքսոնների ընտանիքի մենեջեր Ֆրենկ Դիլեոն։

Մայքլն իր կյանքի օրոք չի հասցրել վաճառքի նախապատրաստել բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց թիվը, ըստ Դիլեոյի, հասնում է 100–ի։ Դրանք պահվել են համակարգչային կոշտ դիսկերի վրա։

Նշենք, որ Rolling Stone ամսագրի տվյալներով՝ Sony Music ընկերության և Ջեքսոնի ժառանգների միջև կնքված պայմանագրի արժեքը 250 մլն դոլար է, իսկ գործողության ժամկետը՝ 7 տարի։ Պայմանագրով նախատեսվում է ոչ հայտնի ստեղծագործությունների 10 ժողովածուի թողարկում, Ջեքսոնի ամենահայտնի ալբոմների վերաթողարկում, ինչպես նաև նրա ելույթների ձայնագրություն DVD սկավառակների վրա։