Անտեր գնում ենք մրցույթների, հաղթում, բայց Երևանում՝ ոչ մի արձագանք. Լիանա
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սոնա Շահգելդյանը տաղանդավոր երգչուհի է։ Ուրախ եմ, որ Հայաստանն առաջին անգամ «Նոր ալիք» մրցույթում նման տեղ է գրավում»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց երգչուհի Լիանան՝ անդրադառնալով Յուրմալայում անցկացված «Նոր ալիք» երգի մրցույթին, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Շահգելդյանը գրավեց առաջին տեղը։
Լիանայի խոսքով, այդ մրցույթը բավականին բարդ է, հաղթողների տեղերը «նախապես պլանավորված են»։ Այս համատեքստում, երգչուհու խոսքով, առավել ուշագրավ է Շահգելդյանի հաղթանակը, ինչը նշանակում է, որ նրա ելույթն այնքան է հավանել ժյուրին, որ պարզապես չի կարողացել առաջին մրցանակը նրան չշնորհել։ Լիանան հույս հայտնեց, որ Սոնայի հաղթանակը Հայաստանում ըստ արժանվույն կգնահատվի։
Երգչուհին դժգոհություն հայտնեց այն իրողության առնչությամբ, որ դրսում մրցույթներում հաղթած, հաջողությունների հասած մարդիկ Հայաստանում չեն գնահատվում։ «Գնում ենք միջազգային մրցույթների՝ ոչ մեկը չունենք, ոչ գումարներ ունենք, ոչ ֆինանսներ ու հովանավորներ ունենք, գնում ենք մի փոքր անտեր, միամիտ շատ հավանում են մեզ, սիրում են, մրցանակներ են տալիս, գալիս ենք Հայաստան ու ոչ մի արձագանք...»,– նշեց երգչուհին՝ հավելելով. «Շատ սովորական վերաբերմունք է... պարզապես չեն պատկերացնում, թե բեմ դուրս գալու պահին դու ինչ ես զգում։ Ես ձեզ չեմ կարող դա նկարագրել, որովհետև ամբողջ նյարդային համակարգդ լարված է, ու դու Հայաստան ես ներկայացնում»։
Երգչուհին նշեց, որ հայրենիքում գնահատվելն առանձնակի թանկ բան է՝ հիշելով, որ ինքը Հայաստանում անգամ «Կռունկ» մրցանակի չի արժանացել։










