Գտել են Մոցարտի դաշնամուրը

18:45 • 04.08.10

Գերմանական Բադեն–Բադեն քաղաքում հայտնաբերվել է դաշնամուր, որը, ամենայն հավանականությամբ, նվագել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local–ին։

Այժմ 1760թ. երաժշտական գործիքը գտնվում է դաշնամուրի արհեստանոցում։ Գործիքի սեփականատեր Մարտին Բեքերն այն գնել է 1980–ականների վերջին՝ հնաոճ իրերի ստրասբուրգցի վաճառականից։ Սակայն նա գործիքի վերանորոգմամբ չի զբաղվել, և դաշնամուրը քառորդ դար լքված է մնացել։

2010–ին Բեքերը որոշել է 5 մլն եվրոյով վաճառել դաշնամուրը և դրա մասին հայտարարություն է տեղադրել pianoscout.de կայքում։

Երբ երաժշտագետ Անդրեաս Բոյերմանը տեսել է հայտարարությունը, զանգահարել է Բեքերին ու ասել, որ այդ գործիքը, ամենայն հավանականությամբ, նվագել է Մոցարտը Ստրասբուրգում 1778թ. աշնանը։

Երաժշտագետը ճանաչել է գործիքը Վիեննայում պահվող նկարի շնորհիվ, որում բացի Մոցարտից պատկերված է նաև Հայդնը։