Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Բուլղարիայի մշակույթի նախարարության պատվո նշանով

19:11 • 04.08.10

Օգոստոսի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը պարգևատրել է Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանին «Ոսկե դար» պատվո նշանով:

Մշակույթի նախարարության պատվո նշանը շնորհվել է Սերգեյ Մանասարյանին հայ-բուլղարական մշակութային կապերի զարգացման գործում իր բացառիկ ներդրման համար:

Ողջույնի խոսքում Վեժդի Ռաշիդովը նշել է, որ Սերգեյ Մանասարյանի գործադրած ջանքերի շնորհիվ մշակութային երկխոսության ոլորտում իրագործվել են մի շարք տպավորիչ միջոցառումներ, այդ թվում` Բուլղարիայի մշակույթի օրերը Հայաստանում (2009 թ.), Սերգեյ Փարաջանովի գործերի ցուցահանդեսը Սոֆիայում, «Հայաստանի գույներ» ցուցահանդեսը Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում, Ջիվան Գասպարյանի, «Կոմիտաս» քառյակի, բազմաթիվ այլ հայ երաժիշտների համերգները Բուլղարիայի տարբեր քաղաքներում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, պարգևատրման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Բուլղարիայի մշակույթի նախարարի և դեսպան Մանասարյանի միջև: