Սեպտեմբերի 11-ի ահաբեկության վայրի հարևանությամբ մզկիթ կկառուցվի

10:25 • 04.08.10

Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած ահաբեկության հետևանքով ավերված Համաշխարհային առևտրային կենտրոնից ոչ հեռու նախատեսվում է կառուցել մուսուլմանական մշակութային կենտրոն և մզկիթ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նյու Յորքի տեսարժան վայրերի պահպանության հանձնաժողովի որոշմամբ՝ շենքը, որի փոխարեն նախատեսվում է մզկիթ կառուցել, ճարտարապետական հուշարձան չէ, հետևաբար կարող է քանդվել։Այս որոշմանը վրդովված հակազդել են մզկիթի կառուցմանը դեմ հանդես եկողները ՝ նշելով, որ սեպտեմբերի 11–ի ահաբեկության վայրի հարևանությամբ մուսուլմանական տաճարի կառուցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ զոհերի հիշատակն անարգելու փորձ։

Նշենք, որ 100 մլն դոլար արժողությամբ 13 հարկանի իսլամական մշակութային կենտրոնի կառուցման նախագծի հեղինակներն իրենց հերթին արդեն շնորհակալություն են հայտնել հանձնաժողովին։