Հայաստանցիները սիրում են անվճար ցուցահանդեսներ այցելել. Փարավոն Միրզոյան

13:02 • 05.08.10

Ազգային պատկերասրահը կենդանի շունչ է , որն ունի և՛ բացթողումներ, և առավելություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։ Տնօրենի խոսքով՝ այս տարի պատկերասրահի այցելուների բազմազանությունը և հետաքրքրությունն ավելի մեծ է, քանի որ հիմա զբոսաշրջության սեզոն է, և, բացի այդ, Հայաստանում անցկացվում են տարբեր փառատոններ։

«Սակայն մեր ժողովուրդն ամենից շատ սիրում է պատկերասրահ գալ անվճար սկզբունքով»,– ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ամեն ամսվա վերջին շաբաթը, երբ այցելությունն անվճար է, այցելուների հոսքը մեծ է լինում։ Բացի այդ, ըստ տնօրենի, «թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ, օրինակ, պատկերասրահը 6–7 հազար այցելու է ունենում։

«Մեր ժողովուրդը դեռ այնքան դաստիարակված չէ, որ արվեստին այլ կերպ վերաբերվի»,–հայտարարեց Միրզոյանը՝ հավելելով, որ ազգային պատկերասրահը մշակույթը ճիշտ ընկալել տալու նպատակով դասախոսություններ է կազմակերպում հասարակության համար։

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի ազգային պատկերասրահի վրա բավականին մեծ ազդեցություն է ունեցել. չնայած արվեստի նոր գործեր ձեռք բերվել են, սակայն գերակշռում են նվիրատվությունները։

Այժմ, նրա խոսքով, բանակցություններ են տարվում ստամբուլահայ հանգուցյալ նկարիչ Սուրեն Զորյանի քրոջ հետ՝ նրա եղբոր գործերի հավաքածուն պատկերասրահին նվիրաբերելու համար։ Ազգային պատկերասրահը ներկայումս ունի 26 500 ցուցադրանմուշ, որոնք նաև թվայնացվել են։

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի կողմից ազգային պատկերասրահում հայտնաբերված խախտումներին՝ Փարավոն Միրզոյանը նշեց, որ իր տնօրինության օրոք պատկերասրահում 7–8 ստուգումներ են անցկացվել, սակայն մեծ բացթողումներ չեն գրանցվել։ Միակ խնդիրը, որն արձանագրվել է, ըստ Միրզոյանի, կապված է պատկերասրահում օդափոխության և ջերմային խոնավեցման համակարգերի բացակայության հետ։