Օպերայի կամ պատկերասրահի տնօրենն անպայման աղքա՞տ պետք է լինի. Փարավոն Միրզոյան

16:18 • 05.08.10

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հերքեց բնապահպանների այն ահազանգը, թե ինքը Գառնիում առանձնատուն է կառուցել՝ օգտագործելով Գառնիի ձորի քարե սիմֆոնիան։

«Դա միայն անփույթ և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց արտահայտություն է։ Նման բան չի եղել։ Սիմֆոնիայի քարերին ոչ մեկը ձեռք չի տվել։ Դա ձորում գտնվող թափված քարերից է պատրաստված... Միայն պետք է շնորհակալ լինել Փարավոն Միրզոյանին, որ նա ելքը գտավ այդ քարերը ճիշտ օգտագործելու»,– հայտարարեց Ազգային պատկերասրահի տնօրենը։

Միրզոյանը նշեց, որ 40 տարի շարունակ Գառնիի բնակիչներն այդ քարն օգտագործել են հատակի համար, իսկ ինքը որոշեց այդ քարը պատի մակերեսի համար օգտագործել։

«Ես ունեմ հիանալի առանձնատուն և արվեստանոց, բայց դա ոչ մի կապ չունի սիմֆոնիայի քարերի հետ»,– ասաց նա՝ նաև նշելով, որ ոչ միայն ինքը, այլև ոչ մեկը քարե սիմֆոնիային ձեռք չի տվել։ «Սիմֆոնիայի քարերի վրա բարձրանալն անհնար է, դա հնարավոր բան չի»,– նկատեց նա։

«Գիտեք, դուք պիտի ուրախանաք, որ նման ստեղծագործական արվեստանոց մի մշակույթի գործիչ կարողացել է ստեղծել»,– ասաց Ազգային պատկերասրահի տնօրենը։

Այն հարցին, թե ինչպե՞ս են կարողանում Ազգային պատկերասրահի և ազգային օպերային թատրոնի տնօրենները առանձնատներ կառուցել, երբ մշակույթը չի զարգանում ֆինանսների բացակայության պատճառով, Փարավոն Միրզոյանը պատասխանեց.

«Ե՛վ Գեղամը (Գեղամ Գրիգորյանը,-խմբ.), և՛ Փարավոն Միրզոյանը պետք է կառուցեն, որովհետև նրանք հոնորար են ստանում, նրանք արվեստի գործեր են ստեղծում, նրանք ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ նրանց առաջարկում են։ Նրանք իրենց արվեստով, իրենց ստեղծագործության հիման վրա են կառուցում։ Ծիծաղելի է։ Ի՞նչ է, պետք է անպայման օպերայի կամ Ազգային պատկերասրահի տնօրենն աղքա՞տ լինի»։