Ծաղկաձորում կանցկացվի Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը

17:33 • 09.08.10

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, Հայաստանի թատերական գործիչների միությունը և Ծաղկաձորի քաղաքապետարանը համատեղ ներկայացնում են Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը (INTERNATIONAL MIME FESTIVAL Dedicated to Leonid Yengibaryan's 75th Anniversary), որը կանցկացվի 2010 թ. օգոստոսի 10-15-ը` Ծաղկաձորում:

Փառատոնի նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրի հանդիսատեսին հասանելի դարձնելը: Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջությունը Հայաստանում, ստեղծելու մշակութային տոնական ավանդույթներ:

Ժանրի երկրպագուները հնարավորություն կունենան ժեստի ու պլաստիկայի համընդհանուր լեզվով դիտելու 15 ներկայացումներ ու մանրապատումներ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունեն Ծաղկաձորի քաղաքային հրապարակում, օգոստոսի 10-ին` ժամը 20:30-ին:

Այս տարի Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ ԱՄՆ-ից` 2 առանձին մասնակից (Iman Lizarazu, Richmond Shepard), Ռուսաստանից (Малиновая Гряда), Վրաստանից (Georgia State Pantomime Theatre), Ֆրանսիայից (Vahram Zaryan` մեծն միմոս Մարսել Մարսոյի վերջին աշակերտը) և Չեխիայից (Peter Popper` Լեոնիդ Ենգիբարյանի թոռը): Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ, մնջախաղի ժանրին պատկանող ներկայացումներով այլ թատերախմբեր (Երևանի մնջախաղի պետական թատրոն, Միմ ստուդիո, Միհր, Օվասիս, Անվերջ թատերական կղզի, Շրջիկ թատրոն, Համլետ Չոբանյան, Հայկ Զորիկյան): Մասնակիցները 5 օրերի ընթացքում իրենց արվեստը կներկայացնեն ցերեկվա ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում: Ամեն երեկո կկազմակերպվեն թատերական վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ, ինչը հնարավորություն կտա անմիջական շփում ստեղծելու հանդիսատեսի և թատերախմբերի միջև: Գործում է փառատոնի պաշտոնական ինտերնետային կայքը` www.pantomimefest.com:

Մայրաքաղաքից ժամանող հանդիսատեսի և լրագրողների համար այդ օրերին փառատոնի տնօրինությունը կհատկացնի 60 տեղանոց 2 ավտոբուս, որոնք կգործեն Երևան-Ծաղկաձոր, Ծաղկաձոր-Երևան երթուղով` հետևյալ ժամանակացույցով.
Օգոստոսի 10-ին

Երևան- Ծաղկաձոր, ժամը 18:00
Ծաղկաձոր- Երևան, ժամը 23:00

հաջորդ օրերին` (11, 12, 13, 14)

Երևան- Ծաղկաձոր, ժամը 14:00

Ծաղկաձոր- Երևան, ժամը 23:00: Մեկնումը` Կոնսերվատորիայի մոտից:

Ավտոբուսների աշխատանքը կապահովեն փառատոնի աշխատակիցները` նախապես հայտագրված հանդիսականների և լրագրողների ցուցակներով:

Նախապես հայտագրվելու համար հարկավոր է զանգահարել 099 33 87 74 հեռախոսահամարով: