«Նո, գրասիաս». Լևոն Թոքմաջյանը հրաժարվել է Չակոյի քաղաքապետի առաջարկից

13:42 • 09.08.10

Հուլիսի 15–24–ը Արգենտինայում անցկացվել է «20–րդ դար՝ գլոբալիզացիա» խորագրով միջազգային բիենալե, որտեղ հայ քանդակագործ Լևոն Թոքմաջյանն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի։Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քանդակագործը ներկայացրեց մրցույթի մանրամասները՝ նշելով, որ աշխարհի 50 երկրների քանդակագործներ են մասնակցել միջազգային բիենալեին։ Լևոն Թոքմաջյանը բիենալեին մասնակցել է Կանադայում բնակվող իր որդու՝ Վահե Թոքմաջյանի հետ։ «Հայր և որդի ներկայացել ենք կողք–կողքի՝ ներկայացնելով երկու երկիր՝ ինքը Կանադան, ես՝ Հայաստանը»,– հուզված պատմեց արվեստագետը։

Լևոն Թոքմաջյանի էսքիզը, որը կոչվում է «Գլոբալիզացիայի առաջընթացը» երկու ձիերի տեսքով ներկայացրել է աշխարհի այն երկու հզոր պետությունները, որոնք, Թոքմաջյանի մեկնաբանմամբ, «իրենց ուսերին են տանում աշխարհի գլոբալիզացիայի ընթացքը»։ Կրտսեր Թոքմաջյանն արժանացել է «Հասարակության համակրանքը» մրցանակին։

Արվեստագետը բավական տպավորված էր մրցույթից, որտեղ նրան նաև Չակո քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել։ Արվեստագետն էլ, իր հերթին, երգել է իր պատվին կազմակերպված ճաշի ժամանակ, իսկ երբ Չակոյի քաղաքապետն առաջարկել է մնալ և աշխատել այնտեղ, քանդակագործն իր իմացած իսպաներեն միակ արտահայտությամբ մերժել է նրան՝ պոետիկ արտաբերելով «նո, գրասիաս»։ Լրագրողների խնդրանքով մամուլի ասուլիսի ժամանակ քանդակագործն այսօր մի քառատող երգեց այն երգից, որն ինքը կատարել է Արգենտինայում կազմակերպված ճաշի ժամանակ։

«Տարբեր երկրներում լինելով՝ մեզ զգում ենք Հայաստանի մշակույթի դեսպանը»,– հայտարարեց Լևոն Թոքմաջյանը՝ միաժամանակ նշելով, որ ինքը տարբեր երկրներում տարբեր մրցանակների է արժանացել, սակայն Երևանում, որտեղ բավական աշխատանքներ ունի, իրեն գնահատված չի զգում։