Սոնա Շահգելդյանը ասուլիսին ներկայացավ 35 րոպե ուշացումով՝ շան հետ (տեսանյութ)
«Ես շատ հավատքով եմ, երեք օր երգել եմ` խաչը ձեռքիս է եղել»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Յուրմալայում կայացած «Նոր ալիք» պոպուլյար երաժշտության մրցույթում հաղթած Սոնա Շահգելդյանը՝ ներկայացնելով մրցույթից իր տպավորությունները։
Երգչուհին ասուլիսին եկավ իր շնիկի հետ միասին հայտարարված ժամից 35 րոպե ուշացումով։ Սոնան իր ուշացումը բացատրեց զբաղվածությամբ։ Նա ասաց, որ Հիլդա անունով շնիկն իր թալիսմանն է։ Ամբողջ ասուլիսի ընթացքում փոքրիկ Հիլդան Սոնայի գրկում էր, պոչով շոյում դեմքը, զարմացած նայում միկրոֆոններին։
«Ես արդար եմ հաղթել, ես չեմ վախենում արդար բառից, ամենակարևորն այն է, որ եղավ արդար հաղթանակ»,– հայտարարեց երգչուհին՝ խոսոտվանելով, որ իր կարծիքով՝ իրենից ուժեղ մասնակից մրցույթում չի եղել։ Սոնան ասաց, որ իր անցած ճանապարհը մինչև «Նոր ալիք» բավական դժվար է եղել ու տարբեր մյուս մասնակիցներից, քանի որ առաջին անգամ այդ մրցույթի մասնակցին ընտրելու համար Հայաստանում ընտրական փուլ է անցկացվել. «Իմը դժվար է եղել, ես միանգամից չեմ մասնակցել»։ Սոնան հատուկ շեշտեց, որ հաղթանակի ճանապարհին «իր կողքին ոչ ոք չի եղել»։
Մրցույթում հաղթելու համար երգչուհուն, իր խոսքով, օգնել է ոչ միայն իր աշխատասիրությունը, այլև իր ընտանիքը։ «Աշխատասիրությունը մի տեսահոլովակով ցույց չեն տալիս, ես շատ աշխատասեր եմ, ես շատ եմ չարչարվել»,– ասաց Սոնան։ Մրցույթից հետո երգչուհուն բավական առաջարկներ են եղել՝ Լատվիայում վարպետության դասեր տալու, նաև աշխարհով մեկ համերգներ կազմակերպելու։ Երգչուհին անգամ առաջարկ է ստացել Ֆիլիպ Կիրկորովի հորից՝ Պետրոսից։ Նա առաջարկել է արտասահմանյան համերգներ կազմակերպել երգչուհու համար։ Առաջիկայում Սոնան կունենա նաև համերգ Երևանում, կբացի իր անձնական կայքը։
Ինչ վերաբերում է մրցույթում շահած 50 հազար եվրո գումարին, երգչուհին նշեց, որ նախ, մրցույթի կանոնների համաձայն, այդ մրցանակի որոշ մասը հատկացվում է պետությանը, իսկ մնացած գումարով երգչուհին մտադիր է օգնել կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպություններին, հիվանդ երեխաներին և մանկատներին։
Теrt.am–ի հարցին, թե արդյո՞ք երգչուհին գոհ է ընդունելությունից, որին արժանացավ Հայաստանում, Սոնան պատասխանեց, որ իրեն դիմավորել են իր ընկերները, մտերիմները, և ինքը դժգոհ չէ, թեև «ավելիին էր սպասում»։ Այդուհանդերձ երգչուհին հպարտ է իր հաղթանակով, հպարտ է, որ բարձրացրել է Հայաստանի դրոշը, որտեղ, սակայն, մարդուն գնահատում են որևէ մրցույթում հաղթելուց հետո։










