Մեկնարկեց հայոց տոմարի 4502-ամյակին նվիրված միջոցառումների շարքը
Հայկ նահապետի արձանի մոտ այսօր «Սերունդ» հայապահպան միավորումը սկսեց հայոց տոմարի 4502-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին։ Այս տարվա միջոցառումը նվիրվում է Հայկ նահապետի հաղթանակին, Տիգրան Մեծ թագավորի ծննդյան 2150–ամյակին և Արցախյան ազատամարտին։
Tert.am-ի հետ զրույցում «Սերունդ» հայապահպան միավորման նախագահ Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ Հայկ նահապետի արձանի մոտից սկսված միջոցառումների շարքը տևելու է երկու օր և շարունակվելու է Արցախի Տիգրանակերտում, ապա Ստեփանակերտում, Շուշիում և Բերձորում։
Տիգրանակերտում տեղի կունենա նաև Տիգրան Մեծ թագավորի ծննդյան 2150–ամյակին նվիրված հուշաքարի բացումը, իսկ Ստեփանակերտում կկայանա հանդիսավոր արարողություն և տոնախմբություն, կցուցադրվի «Տիգրան Մեծ» վավերագրական ֆիլմը, իսկ վաղը Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա պատարագ, ինչպես նաև կլինեն դասախոսություններ Շուշիում և Բերձորում՝ նվիրված Տիգրան Մեծի ծննդյան 2150–ամյակին և Սևրի դաշնագրի 90–ամյակին։
«Մենք նշում ենք հայոց բուն տոմարի 4502–ամյակը որպես ազգային ինքնության և ազգային միասնության պահպանման տոն»,– ասաց Հայկ Չոբանյանը՝ պարզաբանելով, որ Հայկ նահապետի հաղթանակը հայկական տոմարի սկիզբն է։
«Սերունդ» միավորման ղեկավարը հիշեցրեց, որ 2 տարի առաջ իրենք օրենքի նախագիծ էին ներկայացրել Ազգային ժողով՝ առաջարկելով այս օրը՝ օգոստոսի 11–ը, նշել որպես ազգային ինքնության և միասնության օր։ Չոբանյանը նշեց, որ առաջին ընթերցումն անցել է փայլուն, առանց որևէ «դեմ»–ի, սակայն գործընթացը հետո շարունակություն չի ունեցել։










