Չէի սպասում, այսքան մարդ, վաու. Սերժ Թանգյանը Երևանում է (տեսանյութ)

14:50 • 12.08.10

«Չէի սպասում, այսքան մարդ, վաու», – այսպես սկսեց իր ասուլիսը Հայաստանում այդքան սպասված ամերիկահայ հայտնի երգիչ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանգյանը։

Նա Հայաստան է ժամանել երեկ երեկոյան։ Հոգնածության պատճառով ասուլիսն սկսվեց ուշացումով։ Չնայած դրան՝ լրագրողները համբերատար սպասում էին Թանգյանին, և դիմավորեցին նրան ծափահարություններով։

Երգիչն առաջին անգամ չէ, որ այցելում է Հայաստան, սակայն առաջին անգամ կուրախացնի իր երկրպագուներին կենդանի կատարումով։ Այսօր երեկոյան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Թանգյանի համերգը, որը նրա Imperfect Harmonies շրջագայության մասն է կազմում։ Նա կներկայացնի իր նոր՝ Elect the Dead Symphony ծրագիրը։

«Քանի անգամ փորձել ենք կազմակերպել, և այս անգամ ստացվեց», – մաքուր հայերենով ասաց նա՝ նշելով, որ կուզենար այցելել Հայաստան շրջագայությունից առաջ կամ հետո, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենար։ «Դե, նորից կգամ», – խոստացավ երգիչը։

Խոսելով այսօրվա համերգի մասին՝ նա ասաց, որ լինելու է ռոք և դասական երաժշտության սինթեզ։ Նույն բեմում հանդես են գալու դասական և ռոք երաժիշտներ, այդ թվում՝ ամերիկյան VIZA ռոք խումբը և երաժիշտներ Հայաստանից։

Ինչքանո"վ է Թանգյանը ծանոթ հայկական ռոք երաժշտությանը և կատարողներին։ Երգիչն ասաց, որ այդքան էլ ծանոթ չէ։ «Ես մի ժանրի սիրահար չեմ։ Ես լավ երաժշտության սիրահար եմ», – պարզաբանեց նա։

Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը հայկական երաժիշտների հետ, Թանգյանը նշեց, որ ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից։

Որպես լավ երաժիշտ Թանգյանը կարծում է, որ երաժշտությունը պետք է ունենա գույների համադրություն։ Այսպես, System of a Down–ի ստեղծագործությունները, երգչի բնորոշմամբ, արված են ավելի շատ սև, կարմիր և մանուշակագույն գույներով։ Իսկ այսօրվա համերգի ծրագիրը՝ ավելի բաց, մասնավորապես, կապույտ և կանաչ։

Ինչպես լրագրողներին պատմեց երգիչը՝ ազատ ժամանակ նա սիրում է երաժշտություն գրել, ընթերցել և վազել։
Երևանյան համերգին Թանգյանը կերգի նաև հայերեն լեզվով։ Նա կկատարի մի նոր ստեղծագործություն, որը գրելիս երաժիշտը ոգեշնչվել է Հայոց ցեղասպանության մասին գրքով։

Հավելենք, որ համերգի նախաձեռնողներն են Fugitive Studios և Deem Communications ընկերությունները։