Մանկական «Եվրատեսիլի» հայ մասնակիցը կընտրվի սեպտեմբերի 5-ին
Այս տարվա նոյեմբերի 21-ին Մինսկում կայանալիք մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի սեպտեմբերի 5-ին։
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, մրցույթին ներկայացված 31 երգից ընտրվել է 25-ը։
Վաղվանից մինչև սեպտեմբերի 2-ը երեխաները կպատրաստվեն ելույթներին։ Սեպտեմբերի 2-ին կլինի առաջին ուղիղ եթերը, որին կմասնակցի 12, իսկ սեպտեմբերի 3-ին՝ 13 երեխա։ Այս 2 խմբերից կընտրվեն 8-ական մասնակիցներ, որոնք ելույթ կունենան սեպտեմբերի 4-ին։ Իսկ սեպտեմբերի 5-ին ելույթ կունենան եզրափակիչ դուրս եկած 10 մասնակիցները, որոնցից ժյուրին ընտրություն կկատարի։
«Մենք քննարկում ենք նաև SMS-ների միջոցով քվերակության հնարավորությունը, սակայն դա դեռ հստակեցված չէ»,- նշեց Մնացականյանը։










