Սպանությունները կշարունակվեն, քանի դեռ բանակում «զոն նայողներ» կան. իրավապաշտպան

18:20 • 24.08.10

Հայկական բանակն այսօր թաղված է կոռուպցիայի մեջ, դարձել է «քրեական տարր», այնտեղ գործում են գողական օրենքներ, կան «զոն նայողներ»։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը՝ անդրադառնալով Հայկական բանակում գրանցված հերթական սպանությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում օգոստոսի 17-ին նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1984թ. ծնված Հարություն Յուրիկի Վարդանյանը հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1966թ. ծնված Արսեն Երվանդի Չոբանյանի կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է:

Ըստ իրավապաշտպանի՝ պաշտպանության նախարարին փոխելով՝ հարցը չի լուծվի, բանակում արմատական փոփոխություններ են պետք։ «Քրեական տարրերը, որոնց թվում են նաև հրամանատարներ, պետք է փոխվեն»,- ընդգծեց նա։

Դանիելյանի խոսքով` «Բանակում գողական տարրերն ստեղծվել են հենց երկրի ղեկավարության կողմից, քանի որ այդպիսի բանակին իշխելն ավելի հեշտ է։ Երկրի իշխանությանը պետք է այդպիսի բանակ, որ անհրաժեշտության դեպքում բանակին նաև քաղաքացիական հասարակության դեմ հանեն»։

Իրավապաշտպանը հոռետեսորեն է տրամադրված՝ նշելով, որ առաջիկայում բանակում դրական փոփոխություններ չեն սպասվում։