Մահացել է Վլադիմիր Մսրյանը՝ «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինին»

11:58 • 24.08.10

Այսօր առավոտյան կյանքի 73-րդ տարում կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» պետական շքանշանի ասպետ Վլադիմիր Մսրյանը: Նա վերջին շրջանում տառապում էր արյան քաղցկեղով: Նա նաև Երևանի ավագանու անդամ էր։

27 տարի առաջ նկարահանված խորհրդային արտադրության «Նիկոլո Պագանինի» 4 սերիայից բաղկացած ժապավենում խաղացած գլխավոր դերի համար Մսրյանը իտալական մամուլի կողմից ճանաչվել էր «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի»։

Առջևում նրան նոր դերեր էին սպասվում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Ձայն բարբառո..»-ն, «Հին աստվածներ»-ը, «Լռության սիմֆոնիա»-ն և այլն։ Մսրյանը, ընդհանուր առմամբ, 19 ֆիլմում է նկարահանվել։

Բայց Վլադիմիր Մսրյան դերասանին հանդիսատեսն ավելի լավ ճանաչում է թատերական բեմերից, մասնավորապես, դրամատիկական թատրոնի, որտեղ նա հանդես էր գալիս 1970-ից: Մսրյանը դրամատիկականի բեմում մարմնավորել է Հերոստրատ, Համլետ, Հուլիոս Կեսար և այլ կերպարներ։

Tert.am-ը ցավակցում է Վլադիմիր Մսրյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։