Ստամբուլի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ջիվան Գասպարյանի համերգը
Ստամբուլի իշխանությունները չեղյալ են հայտարարել թուրք երգիչ Յավուզ Բինգյոլի և լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի համատեղ համերգը։ Այդ մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Ջիվան Գասպարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ դուդուկահարը հայտնել էր, որ ինքը սեպտեմբերի 1–ին՝ Խաղաղության միջազգային օրը, Ստամբուլում ելույթ ունենալու հրավեր է ստացել։
«Ոչ մի բացատրություն չեմ ստացել, տեղեկություն չունեմ համերգի չեղյալ հայտարարվելու պատճառների մասին»,– պարզաբանեց դուդուկահարը։
Ավելացնենք, որ Բինգյոլն ու Գասպարյանը նախկինում էլ են համատեղ ելույթենր ունեցել։
«Բինգյոլն ինքն էլ է զարմացած, որ համերգը չի կայանալու»,– ասաց Գասպարյանը և հավելեց, որ չի ցանկանում, որ երկու երկրների հարաբերությունները սրվեն։
Հարցին, թե արդյո՞ք ապագայում նմանատիպ հրավերների դեպքում Ջիվան Գասպարյանը կհամաձայնի մասնակցել՝ դուդուկահարը պատասխանեց. «Թող նախ հրավիրեն, հետո կմտածենք»։










