Դաշնամուր նվագող կռնատ տղան ստիպել է հանդիսատեսին արտասվել

17:31 • 28.08.10

Չինացին, որի երկու ձեռքերը դեռ մանուկ ժամանակ անդամահատել են, դարձել է ճանաչված դաշնակահար։

Լյու Վեյը, որը դաշնամուր նվագելու համար հանում է գուլպաներն ու ոտքերի մատներով նվագում, ճանաչում է ձեռք բերել «Չինաստանը տաղանդներ է փնտրում» ծրագրում։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։

«Այն, ինչ մարդիկ անում են ձեռքերով, ես անում են ոտքերով»,– հանգիստ ասում է 23–ամյա Լյուն։

Պահմտոցի խաղալիս էլեկտրահարվելու հետևանքով 10 տարեկան հասակում Լյուն զրկվել է ձեռքերից՝ այդ ժամանակից ի վեր ոտքերը օգտագործելով ցանկացած խնդիր լուծելու համար, այդ թվում՝ ուտելու, հագնելու և անգամ ատամները մաքրելու։

Նա խոստովանում է, որ շատ կցանկանար ավտոմեքենա վարել։

«Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այն ինձ համար նույնքան սովորական է դարձել, որքան շնչելը»,– ասում է երիտասարդը։

Նշենք, որ հեռուստատեսությամբ իր առաջին ելույթի ժամանակ Լյուն արժանացել է հիացական ծափողջույնների, իսկ հանդիսատեսի մի մասը հուզվել է, երբ նա կատարել է Կլայդերմանի Marriage d`Amour–ը։