Ալ Պաչինոն «Էմմի» մրցանակ է ստացել Ջեք Գևորգյանին մարմնավորելու համար

10:59 • 30.08.10

Ամերիկյան հեռուստաակադեմիան կիրակի երեկոյան 62-րդ անգամ հանձնել է իր ամենահեղինակավոր մրցանակները՝ «Էմմի» արձանիկները, որոնք «Օսկարի» հեռուստատեսային տարբերակն են, այսինքն հանձնվում են «փրայմ թայմ» ժամերին հեռարձակվող լավագույն հաղորդումների և լավագույն դերակատարումների համար։

Այսպիսով, մինիսերիալի ժանրում լավագույնն է ճանաչվել HBO հեռուստաալիքի նկարահանած «Խաղաղ օվկիանոսը», որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում երեք ամերիկացի դեսանտայինների մասին։ Սերիալի ստեղծմանը մասնակցել են կինոյի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը և Գերի Գեցմանը։ Աշխատանքը ներկայացվել է միանգամից 24 անվանակարգերում։

Լիամետրաժ դրամայի ժանրում «Էմմի» է ստացել AMC ալիքի «Խենթերը» սերիալը։ Գովազդային գործակալության ղեկավարի մասին պատմող սերիալը ճանաչվում է լավագույնը երրորդ տարին անընդմեջ։

Լավագույն տղամարդու դերակատարման համար մրցանակ է շնորհվել Ալ Պաչինոյին «Դու չես ճանաչում Ջեքին» մինիսերիալում բժիշկ Ջեք Գևորգյանին մարմնավորելու համար։ Ֆիլմը էֆթանազիայի խնդրի բարոյական կողմի մասին է։

Մինիսերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Քլեր Քեթրին Դեյնսը «Գրեմանդին տաճարը» սերիալում դերի համար։

«Լավագույն կոմիկ դերասան» անվանակարգում «Էմմի» է ստացել Թիմ Փերսոնսը, որը «Մեծ պայթյունի տեսություն» սերիալի գլխավոր դերակատարն է։ Նույն ժանրում կնոջ լավագույն աշխատանք է ճանաչվել Էդի Ֆալկոյի դերը «Բուժքույր Ջեքին» սերիալի համար։ Դրամատիկ սերիալի լավագույն տղամարդու դերակատարման համար երկրորդ տարին անընդմեջ մրցանակ է ստացել Բրայան Քրենսթոնը, իսկ լավագույն կնոջ դերակատարման համար՝ Կիրա Սեջվիկը։

Լավագույն ռիելթի նախագիծ է ճանաչվել կաբելային «Բրավո» ալիքով հեռարձակվող «Շեֆ խոհարարը» (Top Chef)։